Պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ խոսել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ՝ Սեդա Սաֆարյանի ընտանիքի հետ կապված միջադեպի թեմայով:
«Դեպքի մանրամասները ճշտվում են, հիմնական մեղավորները հայտնաբերված են, եթե զուտ կենցաղային կռիվ է (որին, անկեղծ ասած, թերահավատորեն եմ մոտենում), կպատժվեն համապատասխանաբար, բայց եթե այս ծեծն ու սադրանքն ունեն քաղաքական շարժառիթ, ապա պետք է գտնել ոչ միայն մեղավորներին, այլ նաև դրանց հովանավորներին և հանցագործ այս ողջ շղթան, դատավոր ու փաստաբան վախեցնողների այս ոհմակը ամենախիստ պատասխանատվության առաջ կկանգնի», - գրել է Գայանե Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը 1lurer.am-ին հայտնել էր, որ Երևանի Մուշ թաղամասում տեղի ունեցած ծեծի վերաբերյալ գիշերը հաղորդում է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Ընթանում է քննություն:
«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ հաստատել էր տեղեկությունը, որ երեկ ուշ երեկոյան հարձակում է տեղի ունեցել իր դստեր, փեսայի, նրա քրոջ ու ծնողների վրա։
Սեդա Սաֆարյանը, նկատի ունենալով իրենց ընտանիքի հետ տեղի ունեցած այլ միջադեպեր, ամենևին չի բացառում, որ հետապնդման թիրախում են։ Հարցին, թե որպես հանրային ուշադրության կենտրոնում գտնվող «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, արդյոք անհրաժեշտ չէ՞ պաշտպանության հատուկ միջոցի կիրառում, Սեդա Սաֆարյանը պատասխանեց՝ դեպքերը վկայում են հենց դրա մասին։