«Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով Ֆրանսիայի հայկական համայնքը միջոցառում է կազմակերպել Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ` ի հիշատակ 1.5 միլիոն զոհերի»,- գրում է Al Arabiya-ն:
Լրատվամիջոցը գրում է նաև, որ միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն և Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը կարճ է տևել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խիստ միջոցների պատճառով:
Al Arabiya-ն գրում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին «Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայեր են սպանվել, ինչը համարվում է ցեղասպանություն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 30 պետություն:
Թուրքիան կտրականապես հերքում է ցեղասպանություն եզրույթը՝ հայտարարելով, որ 300 հազարից մինչև 500 հազար հայեր և շատ թուրքեր են մահացել քաղաքացիական կռիվների ժամանակ, երբ հայերը սկսել են ապստամբել Օսմանյան կայսրության օրենքների դեմ ու ռուսական զորքերի կողմն անցել:
Հայաստանում ոգեկոչման արարողությունները սկսել են հինգշաբթի օրվանից, մարել են փողոցների լույսերն ու ղողանջել եկեղեցիների զանգերը»,- գրում է լրատվամիջոցը: