ՎԶԵԲ-ը մեկնարկել է արտակարգ իրավիճակներում աջակցության ծրագիր, իր գործունեության տարածաշրջանների զարգացող տնտեսություններում ենթակառուցվածքային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար՝ ապահովելու կենսական ծառայությունների մատուցումը՝ չնայած կորոնավիրուսի համավարակի ներքո առաջացած խիստ ճնշումների:
ՎԶԵԲ-ի նախաձեռնությունը, որը հանդիսանում է COVID-19-ի արձագանքման ընդհանուր «Սոլիդարության փաթեթի» մի մաս, ուղված է ծառայությունների անհապաղ մատուցման, ինչպես նաև ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում «կանաչ» և կայուն ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ առաջընթացի պահպանմանը:
COVID‐19-ի ճգնաժամը ծանր ազդեցություն ունեցավ ՎԶԵԲ-ի գործունեության երկրների (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա) ենթակառուցվածքային ոլորտների վրա:
Եկամուտների կտրուկ անկման պատճառով մատակարարները աննախադեպ ֆինանսական դժվարությունների են բախվում: Կա ռիսկ, որ նրանք չեն ունենա բավարար շրջանառու միջոցներ կենսական ենթակառուցվածքը անվտանգ և գործուն վիճակում պահելու՝ հիմա, երբ դա առավել անհրաժեշտ է:
Միևնույն ժամանակ, քանի որ բյուջեի ռեսուրսները ենթակառուցվածքներում ներդնելու փոխարեն դրանք ուղվում են արտակարգ իրավիճակներում կորոնավիրուսի դեմ պայքարին առնչվող ծառայությունների ֆինանսավորմանը, վարկաբեկված է ծառայությունների կայունությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում և դա սպառնում է անցմանը դեպի կանաչ, կայուն ենթակառուցվածքներ, ինչը շարունակում է կարևորագույն մարտահրավեր հանդիսանալ բոլոր տնտեսությունների համար։
ԿԵԱԾ նախաձեռնությունը ներառում է ֆինանսավորման 3 գործիք.
-
Շրջանառու կապիտալի վարկային գծեր քաղաքապետարանների և կոմունալ ծառայություններ մատուցողների համար: ՎԶԵԲ-ը տրամադրելու է այս վարկային գծերը տեղական բանկերի միջոցով՝ աջակցելու ենթակառուցվածքային ծառայությունների և (կամ) ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի շարունակականությանը:
-
Ենթակառուցվածքների առանցքային մատակարարների համար կայունացման հնարավորություններ: Ուղղակի վարկեր ծառայություններ մատուցող հիմնական ընկերություններին՝ ապահովելու իրացվելիությունը COVID‐19-ի պատճառով եկամուտների ժամանակավոր կորուստներից հետո` նպատակ ունենալով պահպանել կենսական ծառայությունների մատուցումը և ենթակառուցվածքները:
-
Ներդրումների ֆինանսավորում պետական հատվածի հաճախորդների համար: ՎԶԵԲ-ը ֆինանսական միջոցներ կտրամադրի պետական հատվածի հաճախորդներին՝ աջակցելու կենսական կապիտալ ծախսերին, որոնք այլապես վտանգված կլինեն COVID-19 ճգնաժամի տնտեսական հետևանքների պատճառով։
Ֆինանսական աջակցությունից բացի, ՎԶԵԲ-ը կտրամադրի քաղաքականության վերաբերյալ խորհրդատվություն իր բոլոր տարածաշրջաններում`պաշտպանելու և պահպանելու ընթացիկ բարեփոխումները, ամրապնդելու տնտեսությունների ճկունությունը, պահպանելու ածխաթթու գազի արտանետումների կրճատման միտումը և խթանելու արդյունավետ կառավարումը այս ոլորտի բոլոր օղակներում։
«Այս կերպ ենք արձագանքում մեր գործունեության երկրների, քաղաքների և նրանց քաղաքացիների կարիքներին, որպեսզի նրանք կարողանան ապահովել էլեկտրաէներգիայի և մաքուր ջրի անխափան մատակարարումը, թափոնների հավաքումն ու մշակումը և հասարակական տրանսպորտի անվտանգ աշխատանքը։ Անհրաժեշտ ծառայությունների կայունության պահպանումն անհրաժեշտ է հենց հիմա՝ այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում այդ հասարակություններին աջակցելու համար, բայց նաև՝ ապահովելու, որ, երբ սկսվի վերականգնման գործընթացը, այն լինի «կանաչ» և կայուն և առաջնորդվի մասնավոր հատվածի կողմից», ասել է ՎԶԵԲ-ի կայուն ենթակառուցվածքների վարչության գործադիր տնօրեն Նանդիտա Փարշադը։
«Հաշվի առնելով աննախադեպ ճգնաժամը, որն ազդում է ենթակառուցվածքների ոլորտի վրա, Բանկն իր գործունեության երկրներին և կենսական ենթակառուցվածքներ մատուցոներին օգնելու նոր եղանակներ է մշակում` համադրելով կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական պրոդուկտները, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելով կառավարությանը՝ ձևավորելու տնտեսական քաղաքականության արձագանքը այնպիսի եղանակով, որը կօգնի պահպանել մասնավոր հատվածի՝ աճի շարժիչ ուժ հանդիսանալու կարողությունը, կանխելու արժեքի ոչնչացումը և պաշտպանելու արդյունավետ գործող շուկաները», հավելել է ՎԶԵԲ-ի տնտեսագիտության, քաղաքականության և կառավարման գծով գործադիր տնօրեն Մաթիա Ռոմանին։