ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան հեռահաղորդակցության օպերատորներին ու աջակից կազմակերպություններին:
«Այսօր՝ ապրիլի 24֊ին, մենք բոլորս հարգում ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ տեխնոլոգիական լուծում ենք տվել Ձեր բոլորի ներկայությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապահովելու համար:
Այդ հարցում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան հեռահաղորդակցության բոլոր օպերատորներին և աջակից կազմակերպություններին՝ «Ռոստելեկոմ» Հայաստան, «Վեոն Արմենիա», «Վիվա֊ՄՏՍ», «Յուքոմ», «Ղ֊տելեկոմ», «Նիկիտա Մոբայլ» ընկերություններին:
Նրանց աջակցության շնորհիվ Հայաստանից և Արցախից յուրաքանչյուրը կարող է 1915 համարին 1 դրամ սակագնով կարճ հաղորդագրության (SMS) միջոցով ուղարկել իր անուն, ազգանունը, իսկ արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու դեպքում՝ +37433191500 հեռախոսահամարին, և հուշահամալիրի պատին ողջ գիշեր հնչող երաժշտական կատարումների ընթացքում լուսային արտացոլման տեսքով ներկա լինել և հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հիշատակին:
Հավելեմ, որ յուրաքանչյուր համարից կարող եք մինչեւ 5 անուն ուղարկել։
Այս օրը յուրաքանչյուր հայի համար հիշատակի օր է և միևնույն ժամանակ՝ համախմբվելու, միավորվելու:
Առողջ եղեք, միասնականությամբ մենք կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի էջում: