Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:
«Այսօր ապրիլի 24-ն է. լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:
Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը հայ ժողովրդին զրկեց իր պատմական հայրենիքից, այդ աննախադեպ հանցագործության հետևանքով միլիոնավոր հայեր ստիպված եղան բռնագաղթել և հաստատվել աշխարհի տարբեր անկյուններում. սկիզբ դրվեց Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգության կազմակերպված զանգվածային ոչնչացմանը:
Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համատեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևորագույն նշանակություն ունի:
Այսօր համայն հայությունը՝ Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Համոզված ենք, որ միայն հայկական երկու հանրապետությունների և Հայրենիք-Սփյուռք միասնության շարունակական հզորացման և ամրապնդման միջոցով է հնարավոր հաղթահարել Հայոց ցեղասպանության անամոքելի վիշտը և երաշխավորել իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ։