Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր մենք խնկարկում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված դաժան ոճրագործությանը զոհ գնացած մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը: 105 տարի. Ավելի քան մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայում իրականացած ոճրագործությունից, սակայն տարիների հեռավորությունը չի լռեցնի ճշմարտության ձայնը:
Մենք դարերի խորքից սերող ազգ ենք, մենք առաջին քրիստոնյաներն ենք, ու ոչ ոքի և ոչ մի դեպքում չի հաջողվի ջնջել մեր ինքնությունն ու հիշողությունը:
1915 թվականը դրոշմվել է մեր պատմության էջերում, բայց երբեք չի կրկնվի:
Այսօր գնալով մեծանում է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը: Մենք շնորհակալ ենք բոլոր այն ազգերին, պետություններին, երկրներին, ովքեր ընդունում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, և առհասարակ, ցեղասպանությունները: Այդ քայլով մեր բարեկամ պետությունները նաև նպաստում են, որ աշխարհում այլևս նոր ցեղասպանություններ չիրականանան:
Մենք այսօր ավելի հզոր ենք, ավելի գիտակից, համախմբված, և այդ համախմբվածության ու միասնության շնորհիվ թույլ չենք տալու նոր ջարդեր: Ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը, մենք՝ երկրապահներս, վստահեցնում ենք, որ հավատարիմ ենք մնալու մեր որդեգրած սկզբունքներին:
Դարավերջին՝ 70 և ավելի տարի անց, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով կազմավորվեցին և համախմբվեցին կամավորական ջոկատները՝ ցույց տալով աշխարհին, որ դարասկզբի այդ արհավիրքն այլևս չի կրկնվելու: Մենք միահամուռ ուժերով տեր կանգնեցինք մեր երկրին, ծնկի բերեցինք բարբարոս թշնամուն: Եվ այսօր արդեն ունենք հզոր բանակ, ունենք ամուր պետություն, մեր կողքին Արցախ աշխարհ, սփյուռքահայություն և, որ ամենակարևորն է՝ մենք միասնական ենք, համախմբվում ենք հանուն մեր հայրենիքի, մեր պետության»: