ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է․
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, մենք ոգեկոչում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։
Այս տարի Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության պայմաններում, բայց դա չի խանգարում աշխարհասփյուռ հայությանը և առաջադեմ մարդկությանը՝ հիշել ու դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալը նաև հանգեցրեց հետագա ցեղասպանությունների:
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին՝ մենք պետք է միշտ համախմբված հզորացնենք մեր Հայրենիքը»: