ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում ասված է․
«Այսօր մենք ոգեկոչում ենք 105 տարի առաջ իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների հիշատակը: 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։
Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված այս ոճիրը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ կատարված հանցագործություն էր: Վստահ եմ, որ ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսումը, ճանաչումը և արդարացի հատուցումը չունի որևէ այլընտրանք:
Որպես այդ արհավիրքի միջով անցած և վարապրած ժողովուրդ՝ մենք հանձնառու ենք բոլոր պատեհ առիթներով բարձրաձայնել ոչ միայն մեր նախնիների հանդեպ իրագործված ցեղասպանության, այլև Մեծ եղեռնին հաջորդած այլ ցեղասպանությունների մասին, որպեսզի թույլ չտանք մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնումը»: