Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:
Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության օր, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։
Առաջին փուլով բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից, ապա թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, վիճակագրական տվյալների համաձայն` Օսմանյան կայսրությունում կոտորվել է 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։
1965 թվականից սկսած ամեն ապրիլի 24-ին մարդկային հոսքերի հիմնական ուղղությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, որտեղ անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհվում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Այս տարի, սակայն, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները փակ են: Կառավարությունն առաջարկել է քաղաքացիներին վիրտուալ երթին մասնակցել՝ Հայաստանից և Արցախից ուղարկելով հաղորդագրություն 1915 կարճ համարին, Սփյուռքից՝ 00 374 33 1915 00 համարին: Եվ արդեն երեկոյան բոլոր հաղորդագրություն ուղարկածների անուն-ազգանունները կհայտնվեն հուշահամալիրի սյուներին՝ լուսապատկերի միջոցով:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումները, որոնք տեղի կունենան Ծիծեռնակաբերդում, մեկնարկելու են երեկոյան 22․00-ից և շարունակվելու են մինչև լուսաբաց։ Նախատեսվում է մոտ 60 ելույթ: Հանդես է գալու 160 մասնակից: Ելույթներ են ունենալու Հայաստանի ազգային ակադեմիական, պետական սիմֆոնիկ նվագախմբերը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երգչախմբերն ու նվագախմբերը, լարային տարբեր քառյակներ, միջազգային ճանաչում ունեցող օպերային երգիչներ և այլք: