Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ամերիկահայերը յուրովի են հիշատակում: Նրանք միջոցներ են հավաքել ավելի քան 3 միլիոն փաթեթ սնունդ նվիրելու COVID-19-ից տուժած ընտանիքներին:
Անցած 55 տարվա ընթացքում Լոս Անջելեսի հայ համայնքը երթով շարժվել է Հոլիվուդյան փողոցներով՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և պահանջելու ճանաչում: Այս տարի, COVID-19-ի համաճարակի ֆոնին, նրանք փոխել են հիշատակման ձևը և որոշել են օգնել ճգնաժամից տուժած ամերիկյան ընտանիքներին:
«Շնորհակալություն, Ամերիկա» արշավը կազմակերպել են Հայոց ցեղասպանության հանձնաժողովը, Միացյալ հայկական խորհուրդը և Միավորված երիտասարդ հայերը:
Նախաձեռնությամբ հայերն իրենց երախտագիտությունն են հայտնում մեկ դար առաջ ԱՄՆ-ի իրականացրած մարդասիրական առաքելությանը, որն օգնեց փրկել Ցեղասպանությունից բռնի տեղահանված 132,000 հայ որբերին, ստեղծել հիվանդանոցներ և փախստականների ճամբարներ: