ՎԶԵԲ-ն արագորեն ընդլայնում է իր գործունեության տարածաշրջաններին ցուցաբերվող աջակցության ծավալը կորոնավիրուսային համավարակի ներքո և այժմ պատրաստվում է իր գործունեությունը ամբողջությամբ կենտրոնացնել այն 38 զարգացող երկրների վրա, որտեղ բանկը ներդրումներ է անում՝ տնտեսության վրա ճգնաժամի ազդեցության դեմ պայքարելու նպատակով:
ՎԶԵԲ-ի բաժնետերերն այսօր պայմանավորվել են արձագանքման և վերականգնման համապարփակ միջոցառումների շարք անցկացնել։ Միջոցառումները համալրում են բանկի «Սոլիդարության փաթեթը», որն առաջին անգամ հրապարակվել է մարտի 13-ին: Այժմ բանկը պատրաստ է 21 միլիարդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել 2020-21 թթ․ժամանակահատվածում:
ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին COVID-19–ը որակել է որպես աննախադեպ մարտահրավեր աշխարհի և ՎԶԵԲ-ի տարածաշրջանների համար: Հայտարարելով նոր միջոցառումների մասին՝ նա ասել է․ «Ճգնաժամն այժմ այնքան լայնատարած է, որ գործնականում ակնկալվում է, որ առաջիկա մեկ կամ երկու տարիների ընթացքում բանկի ամբողջ գործունեությունն ուղված կլինի ՎԶԵԲ-ի ճգնաժամային արձագանքին»:
ՎԶԵԲ-ը հարմարեցնում և ընդլայնում է գոյություն ունեցող գործիքները և մշակում է նոր նախաձեռնություններ՝ տրամադրելու ֆինանսական աջակցություն և քաղաքականության վերաբերյալ խորհրդատվություն՝ օգնելով կանխել վիրուսի անմիջական սպառնալիքը:
Բանկը նաև նախապատրաստում է իր գործունեության երկրները հետվիրուսային դարաշրջանի իրողություններին՝ պահպանելու այդ երկրների՝ դժվարությամբ նվաճած առաջընթացը դեպի կայուն, արդար և բաց շուկայական տնտեսություն։
ՎԶԵԲ-ի «Սոլիդարության փաթեթի» առանցքային հիմնասյունը Տոկունության շրջանակն է, որը տրամադրում է ֆինանսավորում առկա հաճախորդների իրացվելիության և շրջանառու միջոցների կարճաժամկետ կարիքների բավարարման նպատակով:
Պահանջարկը մեծ է եղել, և որպես մասշտաբային արձագանքման մի մաս, Շրջանակի ներքո առկա ֆինանսավորումը 1 միլիարդ եվրոյից կավելացվի մինչև 4 միլիարդ եվրո՝ մինչև կարիքների հետագա գնահատման իրականացումը նախքան այս տարվա ավարտը: ՎԶԵԲ-ը ընդլայնել է իր շրջանակը` ընդգրկելու նաև առկա հաճախորդների դուստր ձեռնարկությունները:
ՎԶԵԲ-ը կընդլայնի ֆինանսավորման ծավալը իր՝ Առևտրի աջակցման ծրագրի ներքո` արձագանքելով առևտրի ֆինանսավորման արագորեն աճող պահանջարկին` դժվարին պայմաններում առևտրի ուղիները բաց պահելու նպատակով: Բանկը նաև կառաջարկի արագընթաց վերակազմավորում տուժած հաճախորդների համար:
Բանկը կամրապնդի գոյություն ունեցող շրջանակները, որոնց միջոցով հնարավոր է աջակցել հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին) և այն կորպորացիաներին, որոնք դեռևս ՎԶԵԲ-ի հաճախորդ չեն հանդիսանում՝ տնտեսության իրական հատվածն ավելի կայուն դարձնելով և բանկային համակարգի միջոցով ուղղակիորեն և անուղղակիորեն ֆինանսավորում տրամադրելով: Ենթակառուցվածքների հիմնական պահանջները բավարարելու՝ արտակարգ իրավիճակների նոր ծրագիրը «Սոլիդարության փաթեթի» ևս մի բաղադրիչ է։
Այս բոլոր գործիքներն ուղված են ՎԶԵԲ-ի արձագանքման արագության բարձրացմանը՝ արդյունավետ բանականացված ընթացակարգերի միջոցով:
Արտակարգ իրավիճակների արձագանքման ուղիների թիրախում տնտեսության բոլոր ոլորտներն են, բայց հատկապես այն ոլորտները, որոնք շատ են տուժել ճգնաժամից, ներառյալ, ի թիվս այլոց, ֆինանսական հաստատությունները, ՓՄՁ-ները և կորպորատիվ ոլորտները, ինչպիսիք են զբոսաշրջությունը և հյուրընկալությունը, ավտոմոբիլային և տրանսպորտային ծառայությունների մատուցումը, ագրոբիզնեսը և բժշկական պարագաների արտադրությունը:
ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա և Հյուսիսային Աֆրիկա գտնվող երկրները տառապում են թե՛վիրուսի տարածումը զսպելունն ուղված միջոցառումների հետևանքներից, և թե՛ արտաքին ցնցումներից, ներառյալ հումքային ապրանքների գների կտրուկ անկումները, արժեքի գլոբալ շղթաների խափանումը, տուրիզմի կոլափսը և դրամական փոխանցումների անկումը:
Ճգնաժամի այս փուլում ՎԶԵԲ-ը հիմնականում կենտրոնանալու է փոխառությունների արագ տրամադրման վրա, ինչն անհրաժեշտ է այս մարտահրավերներին արձագանքելու համար: Իրավիճակի զարգացմանը զուգահեռ Բանկը կմեծացնի նաև իր առաջարկների ծավալը տեղական արժույթի, կապիտալի շուկաների և սեփական կապիտալում ներդրումների ոլորտներում։
ՎԶԵԲ-ի կողմից առաջարկվող՝ տնտեսական ճկունության փաթեթը համալրում է առողջապահական և բյուջետային աջակցության նշանակալի միջոցառումները, որոնք իրականացվել են այս տարածաշրջաններում միջազգային այլ ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ-ների) կողմից։
Աջակցություն ցուցաբերելիս, ՎԶԵԲ-ը սերտորեն համագործակցելու է այլ ՄՖՀ-ների հետ, այդ թվում երկրների մակարդակով՝ ապահովելու արդյունավետ և համակարգված արձագանքը, որի կարիքն այժմ ունեն թե՛ տնտեսությունները և թե՛ հաճախորդները:
ՎԶԵԲ-ն ընդունում է այն փաստը, որ սպառնալիքի առկայության այս ժամանակահատվածում ոչ մի բիզնես չի կարող գործել սովորականի նման։ Այնուամենայնիվ, նույնիսկ վարկային պայմանների վատթարացման պարագայում Բանկը կշարունակի իր նախագծերի նկատմամբ կիրառել սովորական ստանդարտներն ու պահանջները: ՎԶԵԲ-ը չի փոխզիջի այն ստանդարտները, որոնց վրա հիմնվում են նրա ազդեցությունն ու հեղինակությունը: Անցումային ազդեցությունը, առողջ բանկային համակարգը և հավելյալությունը շարունակում են ՎԶԵԲ-ի գործունեության առանցքային սկզբունքներ հանդիսանալ:
Ֆինանսական աջակցության ծավալի մեծացմանը զուգահեռ ՎԶԵԲ-ը սովորականից ավելի մեծ ուշադրություն կդարձնի քաղաքականության վերաբերյալ խորհրդատվությանը՝ COVID‐19-ի կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներին արձագանքելու նպատակով։
Կարճաժամկետ կտրվածքով ՎԶԵԲ-ը կտրամադրի «միջանկյալ աջակցություն»`օգնելու հաճախորդներին արդյունավետ արձագանք մշակել համավարակի պայմաններում` ստեղծված արժեքը պահպանելու և գոյատևելու նպատակով։ Արդեն իսկ առաջարկվում է վիրտուալ խորհրդատվություն և վերապատրաստում` օգնելու կառավարություններին հայտնաբերել քաղաքականության վերաբերյալ նորարարական լուծումներ, ինչպես նաև օժանդակելու հաճախորդներին աշխատուժի պլանավորման և ճգնաժամերի կառավարման հարցում:
Միևնույն ժամանակ ՎԶԵԲ-ը պետք է համակարգային դերակատություն ունենա մասնավոր հատվածի առավել լայն շրջանակին և արդյունավետ գործող շուկաներին աջակցելու գործընթացում։
Այս համավարակը կարող է ամրապնդել և խորացնել հասարակության մեջ առկա անհավասարությունները և վտանգել կլիմայի փոփոխության դեմ պայքարում մեծ դժվարությամբ ձեռք բերված նվաճումները։
Իր գործունեության տարածաշրջանների երկրների տնտեսությունները պաշտպանելու հետ մեկտեղ ՎԶԵԲ-ը կձգտի նաև պահպանել անցումային նվաճումները` ապահովելով ներառականության և գենդերային հավասարության սկզբունքները ճգնաժամին արձագանքելիս, ինչպես նաև հավատարիմ մնալով դեպի «կանաչ» տնտեսություն անցնելու հանձնառությանը։
Ի պատասխան տնտեսության վրա կառավարության ազդեցության անխուսափելի մեծացմանը՝ ՎԶԵԲ-ը կհամագործակցի կառավարությունների հետ նրանց կողմից միջամտությունները ձևավորելու գործընթանցում՝ նվազագույնի հասցնելու խեղաթյուրումները և անարդար մրցակցությունը, ինչպես նաև պաշտպանելու բաց շուկաների արդյունավետությունը: