«Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ամենազգայուն իրադարձությունն է: Մեծ պատասխանատվություն էր անհրաժեշտ, որ կարողանանք գործող սահմանափակումների համատեքստում փարատել մեր ֆիզիկական բացակայությունը Ծիծեռնակաբերդում»,- հրավիրված մամուլիսի ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նա նշեց, որ կառավարությունը միջոցառումների տրամաբանությունը փորձել է այնպես կազմակերպել, որ հայությունը կարողանա այդ օրն իր խորհրդանշական ներկայությունն ապահովել Ծիծեռնակաբերդում: Ընդգծեց՝ բոլոր նախաձեռնությունների հիմքում եղել է կառավարության մտահոգությունը ՀՀ քաղաքացիների անվտանգության համար: Խզմալյանը նշեց, որ այս տարվա ուղերձներում անընդհատ ասվում է՝ Ցեղասպանության նահատակների հիշատակի հանդեպ մեծագույն հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն է: Կարգախոսն է՝ «Հարգենք հիշատակը՝ հարգելով կյանքը»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան 21:00-ից Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջի ներքո կմարեն Երևանի, մարզկենտրոնների լույսերը:
«Հորդորում ենք նաև քաղաքացիներին՝ մարել բնակարանների լույսերը և, որպես միասնության խորհրդանիշ, բջջայինի լույսերի ներքո պատուհաններից, պատշգամբներից խորհրդանշել ու հաստատել իրենց ներկայությունը Ծիծեռնակաբերդում»,- ասաց Խզմալյանը՝ նշելով, որ հարգանքի այդ արարողությունն անվանել են «Լուսավառ ոգեկոչման պահ»:
Արա Խզմալյանը նշեց, որ վաղը տեղի կունենան միայն պաշտոնական այցելություններ հուշահամալիր, իսկ ժամը 22:00-ից մինչև լուսաբաց տեղի կունենա գեղարվեստական ծրագիր: Ընդգծեց՝ ստեղծագործական հանրությունն ամբողջ ժողովրդի անունից իր հարգանքի տուրքը կմատուցի: