Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2020 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման, խոնավալիցք հաղորդելու և ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու որոշման նախագիծը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս գործընթացը անվանում են առաջին ջուր։ Խոսքը սելավային ջրերի մասին է, որոնք այս շրջանում շատ են և ջրային համակարգով հիմնականում Արաքս գետի հունով տեղափոխվում են Հայաստանից դուրս։
«Անհրաժեշտություն է առաջանում գրեթե ամեն տարի, որ այդ ջրերը տրամադրենք քաղաքացիներին։ Այդ ջուրը, միևնույն է՝ հոսում է Հայաստանից, և ցանկանում ենք այն տրամադրել քաղաքացիներին անվճար։ Այս որոշմամբ «Ջրառ» ՓԲԸ-ին առաջարկվում է հնարավորություն տալ հեղեղումները կանխելու, գետերի վարարումներն անվտանգ անցկացնելու նպատակով այդ վարարումները բեռնաթափել մայր ջրանցքների միջոցով և այդ ջուրը ջրօգտագործող ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու»։