ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստին հայտնեց, որ երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է և թույլատրվել է գործունեությունը մի շարք ոլորտներում։
«Դա պոլիգրաֆիական գործունեությունն է, թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն, քարի սղոցում, մշակում և հարդարում, մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն, պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում, արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում»,- նշեց փոխվարչապետը։
Ավինյանը նշեց, որ մեծածախ և մանրածախ առևտրի մեջ որոշակի ոլորտներ նույնպես բացվել են։ Տեղեկատվություն և կապ հատվածում օպերատորների համար հնարավորություն է ստեղծվել, որ իրենք կարողանան որոշակի սահմանափակումներով աշխատեցնել իրենց գրասենյակները։
«Բացվել է ամբողջությամբ անշարժ գույքի գարծունեության հատվածը, մասնագիտական, գիտական, տեխնիկական գործունեության հատվածում կրկին որոշ տեսակներ և սպասարկման և այլ ծառայությունների հատվածում կրկին որոշ գործունեության տեսակներ բացվել են»,- նշեց Ավինյանն ու տեղեկացրեց, որ որոշակիորեն փոխվել է տեղաշարժման սահմանափակումների հետ կապված դրությունը։
Հանվել են մարզային անցակետերը և այդ ուժերը կենտրոնացվելու են այն հատվածներում, որտեղ կա դրանք կենտրոնացնելու անհրաժեշտություն՝ նշեց փոխվարչապետը։
«Ինչպես խոստացել էինք՝ մենք կամաց-կամաց գնում ենք դեպի բացում և միաժամանակ մեր տեղորոշման սարքերն ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Ամբողջությամբ համակարգը ուղարկվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, և այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ ծրագրավորողները, և ՛ ԱԻՆ աշխատակիցները միասին աշխատում են, և այս համակարգը լրացնում է համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը»,-նշեց Ավինյանը։