Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մշակել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և 2020-2022 թթ. գործողության ծրագիրը՝ Կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարի խոսքով՝ այն քննարկվել է մի շարք պետական և միջազգային գործընկեր կառույցների հետ։
«Առաջին հերթին կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում կլինի։ Այսինքն՝ ոստիկանության մեջ տարանջատվում են քաղաքացիական բնույթի ծառայությունները բուն ոստիկանական բնույթի ծառայություններից։ Մասնավորապես՝ անձնագրային և վիզաների վարչության հետ կապված գործառույթները, հաշվառման քննական կենտրոնների գործառույթները դուրս են բերվում ոստիկանության համակարգից և ներքին գործերի նախարարության կառուցվածքում արդեն կլինեն, որ ապահովվի նմանատիպ ծառայությունների արդյունավետ մատուցումը հասարակությանը և միաժամանակ ապահովվի ոստիկանության՝ բուն ոստիկանական գործառույթների վրա կենտրոնացումը։ Ինչպես նաև կձևավորվի ներքին գործերի նախարարություն, որը կմշակի քաղաքականությունը ոլորտում և քաղաքական պատասխանատվություն կկրի ոլորտում բարեփոխումների իրականացման համար»,- նշեց Բադասյանը։
Բադասյանը նշեց նաև, առաջարկվում է ստեղծել նոր պարեկային ծառայություն, որը կներառի ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և պարեկապահակետային որոշակի գործառույթների, այդ թվում՝ հասարակական կարգի պահպանությամբ կզբաղվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ծավալուն փաթեթի մի քանի կարևոր կետ ընդգծեց։ Նախ այն, որ 2021-ի առաջին եռամսյակում պետք է ունենանք նոր պարեկային ծառայություն, որը ենթադրում է ոստիկանության արտաքին ամբողջ ծառայության փոփոխություն։ Վարչապետն ընդգծեց, որ պարեկային ծառայության համար պետք է դասընթացներ կազմակերպվեն ոստիկանության կողմից։
«Պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր՝ սկսած տեխնիկական միջոցներից, հագուստից, ավտոմեքենաներից, այսինքն՝ բացարձակապես պետք է լինի նոր։ Երկրորդ փուլում մենք կստեղծենք ներքին գործերի նախարարություն։ Հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի ներքին գործերի նախարարությունը»,- նշեց վարչապետն ու հիշեցրեց, որ նախարարության ստեղծման մասին քննարկումներն ամենաակտիվներից էին վերջին տարիներին։
Վարչապետը հավելեց, որ խնդիր է եղել անել այնպես, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից, և նշեց, որ հրաժարվել են քաղաքացիական անձանց ոստիկանությունում նշանակելուց։
«Ոստիկանությունը ոլորտում քաղաքականություն որոշող մարմին չէ։ Մենք որոշեցինք ստեղծել ներքին գործերի նախարարություն, և այստեղ քաղաքական ու քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից։ Եվ ՀՀ ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերության մեջ ներիքին գործերի նախարարության հետ և կլինի նրա կազմում»,- նշեց վարչապետը։