Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց կորոնավիրուսի համավարակի օրվա հարցով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ունենք նոր 50 դեպք, բուժվել է 26 քաղաքացի։
«Գումարային դեպքերի թիվը ստացվում է 1523։ Այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվողների թիվը 840 է, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի ընդհանուր թիվը՝ 24»,- նշեց նախարարը։
Թորոսյանը հավելեց, որ այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում 10 հիվանդ, թոքաբորբով՝ մոտ 230, արհեստական շնչառական սարքերը միացված են 5 հիվանդի։
«Նրանցից մեկն է, որ բավականին երիտասարդ է՝ 27 տարեկան, բայց ունի էլի քրոնիկ բնածին, ծանր հիվանդություն։ Բժիշկներն անում են ամեն բան, որ կայունացնեն։ Կարծես թե հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել։ Աճի տեմպը, ըստ էության, մոտավորապես նույնն է, եթե համեմատում ենք նոր դեպքերի թիվը՝ բաժանած ընդհանուր դեպքերի վրա»,- նշեց Թորոսյանը։