Կառավարության նիստին առաջարկվել է բարձրացնել խնամքի տների՝ տուն-ինտերնատների և մանկատների աշխատակիցների աշխատավարձը։ Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը հիշեցրեց, որ իրենք առաջնորդվում են երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման ուղիով, սակայն այսօր 623 երեխա դեռևս խնամվում է շուրջօրյա խնամքի հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ տիպի մասնագիտացված հաստատություններ, ուստի ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով պետք է աշխատավարձերի բարձրացման մասին հոգալ։
«Հունվարի 1-ից արդեն բարձրացել է շուրջ 700 աշխատակցի աշխատավարձ՝ տարեցների խնամքի հաստատություններում աշխատող, իսկ այս որոշմամբ առաջարկում ենք մայիսի 1-ից բարձրացնել 5 մանկատներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը։ Քանի որ հունվարի 1-ից լուծարվել է Վանաձորի մանկան տունը, առաջացել է վերաբաշխում կատարելու անհրաժեշտություն։ Վերաբաշխման արդյունքում նախատեսվում է ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն դրամից 36,6 միլիոն դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նպատակով»,- նշեց Բաթոյանն ու հավելեց, որ առաջարկով բարձրացվելու է շուրջ 230 մարդու աշխատավարձ, որը նվազագույն շեմից կբարձրանա շուրջ 30 տոկոսով։
Դայակի աշխատավարձը, օրինակ՝ 68000-ից կդառնա 96000՝ նշեց Բաթոյանը։