ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության և ՀՀ կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի և կից փաստաթղթերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի նախկին ղեկավարը, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, որպես համայնքի ղեկավար 2006 թվականի մարտի 31-ին իր կնոջ հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինս Գառնի համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0.14 հա մակերեսով հողատարածքը՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 3.000 դրամ վարձավճարով:
Դրանից կարճ ժամանակ անց՝ 2006 թվականի ապրիլի 18-ին՝ 10 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով կինը նշված հողատարածքից 0.02 հա մակերեսով հողատարածքն ամսական 40.000 դրամ վարձավճարով հանձնել է ՓԲԸ-ի՝ ենթավարձակալության։ Դրանից հետո՝ 2010 թվականի մայիսի 24-ին, վերջինս իր վարձակալած հողատարածքից 0.0139 հա մակերեսով հողատարածքն ամսական 70.000 դրամ վարձավճարով հանձնել է ենթավարձակալության մեկ այլ ՓԲԸ-ի։
Նշված «արոտավայր» նշանակության հողատարածքում տեղադրվել են ալեհավաք կայաններ։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում ենթավարձակալների կողմից վարձակալին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 15.530.000 ՀՀ դրամ գումար, և Կոտայքի մարզի Գառնի համայնք չի վճարվել ընդհանուր առմամբ 13.977.000 դրամ գումար՝ համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի հատկանիշներով:
2020թ. ապրիլի 23-ին Գառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ նրա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: