Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի ընտանիքին: Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք ամերիկահայ բարերար, հասարակական գործիչ, մեծ հայրենասեր Ասո Թավիթյանի մահվան մասին։
Ասո Թավիթյանն իր կյանքի և գործունեության ողջ ընթացքում ապրել է հայրենիքի հոգսերով, մեծ աշխատանք է տարել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայության շահերը տարբեր երկրներում պաշտպանելու ուղղությամբ:
Նրա համար յուրահատուկ նշանակություն ուներ Արցախը, որտեղ իր անմիջական մասնակցությամբ և նախաձեռնությամբ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր, որոնց շարքում առանձնակի կարևորություն ունի կրթական ոլորտը: Բարերարի աջակցությամբ տասնյակ արցախցիներ որակյալ կրթություն են ստացել աշխարհի առաջատար բուհերում:
Ասո Թավիթյանի հայրենանվեր գործունեությունն արժանի է բարձր գնահատանքի և ընդօրինակման:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»: