Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկը ներկայացվել է, և ապրիլի 21-ի տվյալներով՝ Հայաստանում աշխատատեղերը ոչ թե նվազել են, այլ՝ աճել։
«Մարտ ամսվա տվյալներով՝ փետրվարի համեմատ, արձանագրվել է աշխատատեղերի աճ, ոչ թե նվազում։ Աճել է շուրջ 3800 աշխատատեղով։ 619 900 աշխատատեղ հայտարարագրվել է ապրիլի 21-ի դրությամբ՝ մարտ ամսվա համար, 616 200 աշխատատեղ հայտարարագրվել է մարտի 20-ի դրությամբ՝ փետրվար ամսվա համար։ Հունվարի համեմատ փետրվարի աշխատատեղերի աճը եղել է 14400, և 38000-ի աճը մենք համարում ենք համաճարակային իրավիճակով պայմանավորված, բայց, մեր կարծիքով՝ ապրիլի ընթացքում մենք ավելի շատ կունենանք այդ իրական պատկերը, երբ մայիսի 21-ի դրությամբ կվերլուծենք ապրիլի եկամտային հաշվարկներում արտացոլված տեղեկատվությունը»,-նշեց Անանյանը։