Կառավարության նիստում այսօր վարչապետը, անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջացառմանը, նշեց, որ ուսանողական վարկերի տրամադրման կարգերը ևս հեշտացվում են։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ այժմ կա գործող 11150 վարկ։ Ընդգծեց՝ պայմանները բոլորի համար հեշտացվում են։ 80-ից ավելի ՄՈԳ ունեցողները 0 տոկոսով են վարկավորվելու։ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար տարեկան վարկի վճարը դառնում է 4 տոկոս։ Վարկերի ստացման գործընթացը հեշտացվել է նաև նրանով, որ նախկինի նման՝ նոտարով հաստատված ծնողների երաշխավորություններ պետք չեն:
«80-ից ավելի ուսանողներն ընդհանրապես ուսման ընթացքում որևէ ձևով չեն սպասարկելու այդ վարկը։ Ուսումից հետո նույնիսկ հնարավորություն ունեն մեկ տարի աշխատելուց էլի այդ արտոնությունից օգտվել և վճարել միայն տոկոս։ 80-ից պակաս ՄՈԳ ունեցողները վճարելու են ուսման ընթացքում ամբողջ գումարի ընդամենը 4 տոկոսը։ Ուսումն ավարտելուց հետո էլի մեկ տարի կարող են օգտվել այդ արտոնությունից և դրանից հետո նոր սկսեն վճարել մայր գումարը»,- ասաց Ջավադյանը։
ԿԳՄՍ նախարարն էլ տեղեկացրեց, որ նախագծով տոկոսների զրոյացումը 80 տոկոս ՄՈԳ ունեցողների համար նախատեսված է մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, որից հետո նորից կգործի 2013 թվականի համապատասխան որոշումը։ Այդ որոշմամբ պետությունը սուբսիդավորում էր 80 և ավելի ՄՈԳ ունեցողների համար 3 տոկոսով և դրանից ցածրերի համար՝ 2 տոկոսով։ Տոկոսները կդառնան 7 և 6՝ համապատասխանաբար։
Կառավորության նիստում նաև որոշում ընդունվեց ասպիրանտուրայում սովորողներին տրվող կրթաթոշակի չափը 35000 դրամով ավելացնելու մասին, համապատասխանաբար, հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար կկազմի՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտների համար՝ 65000 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։