Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ներկայացրեց արտակարգ դրության պայմաններում ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները:
Նա տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից, քաղաքացիները կարող են Հայաստանից և Արցախից 1915 կարճ համարին ուղարկել հաղորդագրություն, և արդեն երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով կտեսնեն իրենց անուն-ազգանունները: Վիրաբյանը նշեց՝ այդպես քաղաքացիները կխորհրդանշեն իրենց մասնակցությունը: Սփյուռքի հայրենակիցները կարող են 00.374.33.1915.00 համարին ուղարկել հաղորդագրություններ:
Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել ընդամենը 5 անուն-ազգանուն, որոնք ցանկալի է, որ լինեն հայատառ: Քաղաքապետի տեղակալը տեղեկացրեց, որ բանակցել են օպերատորների հետ, որոնք մեծ սիրով իրենց մասնակցությունն են ունեցել այս ակցիային: Հաղորդագրությունների արժեքը, ըստ նրա, կլինի սիմվոլիկ 1 դրամ, թեև օպերատորները ցանկանում էին դա անվճար անել: «Սա ուղղակի որոշակի օրենսդրական գործողությունների արդյունքում է, որ չի թույլատրվում անել բացառապես անվճար»,- ասաց Վիրաբյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալը վստահ է, որ մինչև լուսաբաց մեր համաքաղաքացիները, Արցախի հայրենակիցներն ու Սփյուռքի հայ համայնքներն իրենց մասնակցությունն ու ներկայությունը կբերեն Ծիծեռնակաբերդում: Ասաց՝ սա հնարավոր լուծումներից լավագույնն էր, որ առաջարկվում է հայրենակիցներին: