Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 3 քաղաքացու հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են:
Հիշեցնենք, որ կրկնակի թեստավորվել էին Քարվաճառում օրեր առաջ նոր կորոնավիրուսի վարակով հաստատված երկու վարարակիրները, որոնցից մեկի մոտ թեստավորման արդյունքը եղել է բացասական:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի, եթե 24 ժամ հետո նշյալ քաղաքացու հետազոտության արդյունքները կրկին բացասական լինեն, ապա նա կհամարվի բուժված և բուժմիավորումից դուրս կգրվի:
Երկրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը դեռևս դրական է, ինչը նշանակում է, որ նա շարունակելու է բուժման գործընթացը:
Երրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը ևս բացասական է, այսինքն՝ նրա մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին: