Վարդենիսում կորոնավիրուսի հաստատված 47 դեպք կա, որից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներն են, նրանցից մեկը՝ բժիշկ: Կա նաև պոլիկլինիկայում հաստատված 9 դեպք, որոնցից երկուսը բժիշկ են,- տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերով:
«Մենք դեռևս սկզբնաղբյուրի հետ կապված խնդիրներ ունենք Վարդենիսում։ Առաջին դեպքը բժշկուհու մոտ է հայտնաբերվել, բայց խնդիր ունենք պարզելու, թե որտեղից է հայտնաբերվել, և ում հետ է շփում ունեցել»,- ասաց Սանոսյանը։
Ստեղծված իրավիճակում, պարետի որոշմամբ, այսօր առավոտյան ժամը 8-ից Վարդենիսում տեղաշարժի գրաֆիկ է սահմանվել։ Մարզպետը տեղեկացրեց, որ քաղաքի ելքերի, մուտքերի մոտ հինգ անցակետ է սահմանվել։ Ոստիկանության, ԱԱԾ-ի, ռազմական ոստիկանության և մարզպետարանի աշխատակիցները համատեղ աշխատում են ըստ պարետատան ցուցման ու որոշումների։
Մարզպետը նաև նշեց, որ Վարդենիս քաղաքից որոշակի գործունեության համար կարող են դուրս գալ միայն այն մարդիկ, որոնք մարզպետարանի ներկայացուցչից կստանան փաստաթուղթ: Դրանում կլինի համապատասխան կնիք և ձևակերպումներ, թե տվյալ անձը ինչ գործունեությամբ և ուր է գնում։
«Վարդենիսի պոլիկլինիկան հիմա չի աշխատում։ Թեժ գծին հաղորդել ենք պոլիկլինիկայի մեր բժիշկների կոնտակտները, որպեսզի բնակիչները անհրաժեշտության դեպքում զանգահարեն, և նրանց համապատասխան ցուցումներ կտան։ Հիվանդանոցը մասնակի է գործում։ Հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքն ամբողջովին գործում է»,- ասաց Սանոսյանը՝ տեղեկացնելով, որ արդեն երկու օր է՝ ծննդօգնության ծառայությունը ևս կազմակերպվում է Մարտունու բժշկական կենտրոնում։