Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է Ուկրաինայի բարեփոխումների հարցով փոխվարչապետի պաշտոնում առաջադրվելու նախագահ Զելենսկու առաջարկը:
«Ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այս առաջարկին և իմ որոշմանը: Տնտեսության մեջ և առհասարակ երկրի կյանքում մեզ շատ դժվար շրջան է սպասվում: Այժմ մենք ավելի համարձակ պետք է լինենք մեր որոշումների և բարեփոխումների հարցում:
Հուսով եմ նաև օգտագործել իմ միջազգային փորձը, կառավարության թիմին օգտակար լինելու համար»,- ասել է նա:
Փորձագետների կարծիքով՝ Զելենսկու այդ առաջարկը երկու պատճառ ունի: Առաջինը՝ լավացնել Զելենսկու և նրա թիմի հեղինակությունն Արևմուտքում, որը սասանվեց նախկին գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկայի և նախկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականներից հետո: Արևմուտքում նրանք ընդունելի էին, իսկ Սաակաշվիլին Արևմուտքում իր կապերով կկարողանա վերականգնել այդ հեղինակությունը: Երկրորդ պատճառը Արսեն Ավակովի հետ հավասարակշռություն ստեղծելն է, իսկ նա փորձի և ազդեցության առումով այսօր կառավարությունում մրցակիցներ չունի: