Հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված երիտասարդ ռուսաստանցիները մեծ թիվ են կազմում, և դա բացատրվում է նրանով, որ տարեցներն ավելի կարգապահ են ինքնամեկուսացման հարցում: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սեմենովը:
Նա նշել է նաև այն պատճառները, որոնք ազդում են վիրուսից մահվան վրա: Պարզվել է, որ մահացածների կեսն ունեցել է երեք կամ ավելի քրոնիկ հիվանդություն: Մահացության դեպքերի մոտ մեկ քառորդը միաժամանակ երկու հիվանդություն ունեցող հիվանդներն են, հազվադեպ են քրոնիկ պաթոլոգիաներ չունեցող մարդկանց մահերը:
Ճարպակալումը, թոքային և սրտանոթային հիվանդությունները համարվում են լուրջ ռիսկային գործոն: Բացի տարիքից և առողջական խնդիրներից՝ COVID-19-ի բուժման վրա ազդում են գենետիկան և սեռը (տղամարդիկ ավելի հաճախ են մահանում), հիշեցրել է մասնագետը: