Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են 2020 թ. ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ, մնացած 30%-ը կփոխանցվի որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար:
Գումարը կփոխանցվի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը՝ բաժանորդ հանդիսացող յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի անվամբ:
Շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարը կուղղվի բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում կձևակերպվի որպես կանխավճար:
Շահառուի՝ էլեկտրաէներգիայի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ։
Աջակցությունը ստանալու համար տվյալներ ստուգելու կամ դիմում մուտքագրելու անհրաժեշտություն չկա»,- պարզաբանել է նախարարը։