ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպությանը տրամադրած 3,5 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհը։ Միջոցներն օգտագործվելու են Արևելյան Եվրոպայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի 16 երկրների համար խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ գնելու նպատակով:
Այս դրամաշնորհի շնորհիվ բժշկական պարագաներ և անձնական պաշտպանիչ միջոցներ են ձեռք բերվելու Հայաստանի, Բանգլադեշի, Բութանի, Կուկի կղզիների, Հնդկաստանի, Կիրիբատիի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Մյանմարի, Նեպալի, Պակիստանի, Շրի-Լանկայի, Թիմոր-Լեստեի, Տուվալուի, Ուզբեկստանի և Վանուատուի՝ համաճարակի դեմ պայքարի առաջնագծում աշխատող բուժաշխատողների և այլոց համար:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր երախտագիտությունն է հայտնում ԱԶԲ-ին՝ գործընկերության, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարին ուղղված միջոցառումներին ճիշտ ժամանակին արձագանքելու համար: Մենք ողջունում ենք կառավարությունների կողմից արդեն իսկ ձեռնարկված գործողությունները, իսկ այս աջակցությունն է՛լ ավելի կամրապնդի երկրների կարողությունը՝ իր ժողովրդի կյանքերը փրկելու գործում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կարին Հալշոֆը (Karin Hulshof): «Այս ճգնաժամն անհամաչափ կերպով է ազդել է ամենախոցելի մարդկանց վրա: Պետություններն ու համայնքները պետք է շարունակեն աշխատել միասին, որպեսզի կարողանանք պաշտպանել երեխաներին և նրանց ընտանիքներին»,- ասել է նա:
Մինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու նրա գործընկերները աջակցում են պայքարի դեմ ուղղված անհապաղ պայքարին, հարկ է հիշել, որ ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը երեխաների վրա, վարակի փոխանցման վերջին դեպքից հետո էլ, դեռ երկար շարունակվելու է, և հավանական է, որ մեծանան շահագործման և չարաշահման ռիսկերը, տնտեսական դժվարությունները, ինչպես նաև՝ շատանան ընտանիքների փլուզման դեպքերը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է այս երեք տարածաշրջանների կառավարությունների հետ՝ աջակցելով վիրուսի տարածումը համայնքներում կանխելու գործում՝ տրամադրելով, մասնավորապես, մասնագիտական աջակցություն, ձեռք բերելով կենսական նշանակության բժշկական պարագաներ և, կյանք փրկող տեղեկատվությունը մարդկանց հասնելու նպատակով, կազմելով ու մշակելով հանրային առողջությանն ուղղված արդյունավետ հաղորդագրություններ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին ԱԶԲ-ն տրամադրել է 100,000 ԱՄՆ դոլար, որը լիովին հատկացվել է առողջապահության համակարգի համար անհրաժեշտ սարքավորումների և բժշկական պարագաների ձեռքբերմանը: