Միացյալ Թագավորությունը ապրիլի 23-ից սկսելու է մարդկանց վրա կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը, փոխանցում է РИА Новости-ն:
Covid-19 պատվաստանյութը մշակվում է Օքսֆորդի համալսարանում և Լոնդոնի Իմպերիալ քոլեջում: Կլինիկական փորձարկումներին աջակցելու համար կառավարությունը երկու համալսարաններին տրամադրել է 42.5 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ըստ Հենքոկի, պատվաստանյութերի ստեղծումն այնքան կարևոր է, որ Բրիտանիան պատրաստ է իր բոլոր ջանքերը գործադրել դրա ստեղծման համար և արդեն իսկ ավելի շատ ներդրումներ է կատարել կորոնավիրուսի դեմ պայքարում, քան որևէ այլ երկիր:
Նախատեսված է մինչև սեպտեմբեր արտադրել պատվաստանյութի մեկ միլիոն չափաբաժին և սկսել այն օգտագործել, եթե ապացուցվի դրա արդյունավետությունը, որը գիտնականները գնահատում են մոտ 80 տոկոս:
Վերջին տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 130,2 հազար մարդ: 17,4 հազար մարդ վարակի զոհ է դարձել: