Արցախի պարետատունը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի միջոցառումների վերաբերյալ, որում ասված է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության նախագահի ապրիլի 12-ի՝ Արցախի ողջ տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագրով և դրա հիման վրա ընդունված՝ Պարետի ապրիլի 13-ի որոշմամբ սահմանվել են հանրային (զանգվածային) միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ, որոնց շրջանակներում, ի թիվս այլոց, արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները: Հաշվի առնելով վերը նշված իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները, այս տարի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու:
Սույն հայտարարությամբ հորդորում ենք մեր համերկրացիներին՝ առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից:
Ժամանակավոր սահմանափակումները նպատակ ունեն կանխելու վարակի հնարավոր տարածումը և նվազագույնին հասցնելու մեր քաղաքացիների առողջությունը վտանգող հնարավոր ռիսկերը: Բոլորին մաղթում ենք առողջություն»: