Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
Կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն:
«Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանում և վերջին զարգացումները տեղերում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հետագա քայլերը՝ համաձայն իրենց կողմից արված համատեղ հայտարարության, որը 2020 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է Ժնևում:
Կողմերն ընդունել են, որ COVID-19 համավարակով պայմանավորված հետաձգվել են նախկինում համաձայնեցված մարդասիրական օգնության միջոցառումները: Չեղարկվել են նաև Ժնևում համաձայնեցված նախարարների հանդիպումները դեմ առ դեմ ձևաչափով և համանախագահների այցելությունները տարածաշրջան:
Այնուամենանիվ, շարունակվում է աշխատանքն այդ ուղղությամբ: Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը և կոչ են արել ստեղծված իրավիճակում զերծ մնալ սադրիչ գործողություններից, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` հետագա լարվածությունը թուլացնելու համար»: