Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ սնանկության գործով կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքերի համար սահմանված են մի շարք առանձնահատկություններ:
-
Եթե սնանկության գործով կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը դեռ չի լրացել, սակայն լրանալու է 2020 թվականի ապրիլի 15-ից հետո, ապա կառավարիչը պաշտոնավարման տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ կարող է դիմել Արդարադատության նախարարին՝ մինչև հինգ տարի ժամկետով կառավարչի գործունեությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար, եթե մասնակցում է դեռևս չավարտված սնանկության վարույթի: Հակառակ դեպքում` սնանկության գործով կառավարչի որակավորումը դադարեցվում է «Սնանկության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով:
-
Այն դեպքում, երբ սնանկության գործով կառավարչի պաշտոնավարման տարիքը լրացել է 2016 թվականի հունիսի 17-ին «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո և մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը, ապա նախկին խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով՝ գործունեությունը շարունակելու թույլտվություն ունեցող են համարվելու այն կառավարիչները, որոնց գործունեությունը երկարաձգվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի կողմից՝ վերջինիս սահմանած ժամկետով:
-
Այն դեպքում, երբ կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրացել էր մինչև «Սնանկության մասին» օրենքում 2016 թվականի հունիսի 17-ը կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ապա, հաշվի առնելով, որ պաշտոնավարման տարիքի առումով սահմանափակումները հետադարձ ուժ չեն ունեցել և չեն տարածվել նախկինում ծագած հարաբերությունների վրա, այդ կառավարիչների պաշտոնավարումը համարվել է երկարաձգված՝ մինչև իրենց վարույթում գտնվող ընթացիկ գործերի ավարտը:
Սնանկության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 3-րդ մասի և արդարադատության նախարարի` 2020 թվականի մարտի 13-ի թիվ 111-ն հրամանով հաստատված հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի ուժով՝ վերոնշյալ բոլոր դեպքերում պաշտոնավարման տարիքը լրացած կառավարիչները չեն կարող մասնակցել կառավարչի ընտրության վիճակահանությանը և (կամ) նշանակվել կառավարիչ: