Հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ:
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին և դրա հետևանքով սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին:
Նախարար Մնացականյանն իր զորակցությունն է հայտնել Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:
Երկուստեք կարևորվել է համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ փոխօգնության, փորձի փոխանակման և քաղաքացիների ու հատկապես ուսանողների՝ իրենց հայրենիք անարգել ու ապահով տեղափոխման ուղղությամբ:
Զոհրաբ Մնացականյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին՝ առողջապահական և այլ ոլորտներում ցուցաբերած աջակցության համար: