ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության շատ ներկայացուցիչներ շատ կցանկանային, որ երկրի նախկին առաջին տիկին Միշել Օբաման լիներ փոխնախագահը, եթե կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հաղթի նախագահական ընտրություններում: Այս մասին գրում է Politico-ն:
Հրապարակման համաձայն, Օբաման մեծ հեղինակություն է վայելում այլ քաղաքական գործիչների և Ամերիկայի քաղաքացիների շրջանում: ԱՄՆ նախկին առաջին տիկինը անցած տարի հայտնվել էր ամենաբարձր վարձատրվող գրողների շարքում շնորհիվ իր հուշերի, որոնք վաճառվել են ավելի քան 10 միլիոն օրինակով:
Ինքը` Բայդենն էլ, բազմիցս հայտարարել է, որ կցանկանար Միշել Օբամային տեսնել փոխնախագահի պաշտոնում: Միևնույն ժամանակ, Politico-ն գրում է, որ նախկին առաջին տիկնոջ անունը ներառված չէ Բայդենի շտաբի մշակած ցուցակում: Միշել Օբաման բազմիցս նշել է, որ չի հետաքրքրվում քաղաքական գործունեությամբ և մտադիր չէ երբևէ դառնալ Միացյալ Նահանգների փոխնախագահ: