Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ գործող կարգավորումներով, եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում, օրինակ, սարքավորումներ է գնում, չի կարող այդ ծախսը միանգամից այդ տարում ծախսագրել։ Առանձին խմբերի համար կան սահմանված նվազագույն ժամկետներ, օրինակ՝ համակարգիչների և նմանատիպ սարքերի համար մեկ տարի է, արտադրական սարքավորումների համար՝ 5 տարի։
«Եթե ինչ-որ մեկը մեկ միլիոն դոլար արժողությամբ հոսքագիծ է գնել, չի կարող այդ մեկ միլիոն դոլարի ծախսը հենց նույն հարկային տարում ծախսագրել և իր եկամուտներից պակասեցնել։ Այդ դեպքում ավելի քիչ շահութահարկ կվճարեր, բայց դա պետք է կատարի առնվազն հինգ տարվա ընթացքում՝ մաս-մաս։ Հարկային օրենսգրքում այդ կանոնից կա մի բացառություն։ Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի մասով տնտեսվարողը կարող է այդ կանոնից շեղվել։ Կարող է սարքավորումների և անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետում կարող է մասանումներն իրականացնել»,-ընդգծեց պատգամավորը։
Թունյանը տեղեկացրեց, որ այդպես տնտեսվարողն ավելի ճկուն է դառնում և հնարավորություն է ստանում սկզբնական շրջանում որոշակի գումար կուտակել, քիչ շահութահարկ վճարել։ Օրենքի նախագծով առաջարկում են, որ այդ նույն հնարավորությունը տարածվի նաև բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։
Թունյանն ընդգծեց, որ տարբեր երկրներում այն կիրառվել է և կոչվում է արագացված ամորտիզացիայի գործիք։