Բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
Ռ․Ռուբինյանը նշեց, որ կողմերը քննարկում են ոչ թե փաստաթուղթ, այլ սկզբունքների և տարրերի շուրջ իրենց ընկալումները։
Նշենք. Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել էր, որ բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման փաստաթուղթն է։
Անդրադառնալով տարածքներ զիջելու վերաբերյալ լրագրողի հարցին՝ Ռ․Ռուբինյանը հայտարարեց․ «Այն, ինչ Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքներ, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, և Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ»։
ԱԺ պատգամավորի խոսքով՝ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության։