Արցախի ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով ԱԺ պատգամավորական մանդատները բաշխելու մասին:
«Ինչպես արդեն հայտարարվել էր, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ս.թ. ապրիլի 7-ի որոշմամբ 2020 թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով ԱՀ Ազգային ժողովն ընտրված է համարվել: Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.
1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` 16 մանդատ.
2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` 9 մանդատ.
3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ.
4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ.
5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` 2 մանդատ:
Իրազեկում ենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու նկատառումներից ելնելով, ԱՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերի դրույթների հաշվառմամբ, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կկազմվի ԱՀ Ազգային ժողովի ընտրված պատգամավորների անվանական ընդհանուր ցուցակը` նորընտիր պատգամավորներին վկայական տրամադրելու համար:
Հետևաբար, նորընտիր Ազգային ժողովում ներկայացված միակ կուսակցությունների դաշինքին և 4 կուսակցություններին առաջարկում ենք գրանցված ընտրական ցուցակներում հնարավոր փոփոխությունների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 4-ը ներառյալ»,- տեղեկացնում է Արցախի ԿԸՀ-ն: