Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ է մոտ 750 քաղաքացի,- Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա հիշեցրել է, որ այսօր էլ պատրաստվում են ընդունել ՌԴ-ից ժամանող քաղաքացիներին: Նրանք 14-օրյա մեկուսացում են անցնելու և բացասական թեստավորման առկայության պայմաններում կգնան իրենց բնականոն գործերով։
«Այս բոլոր մեկուսացման վայրերում պատշաճ հսկողություն է իրականացվում։ Այդ մեկուսացման վայրերից մոտ 350-400 հոգի ստացել են դրական պատասխան։ Մեկուսացման վայրեր ունենք նաև Երևանում և ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում, Տավուշի մարզում»,- ասաց Թորոսյանը։
Առողջապահության նախարարը կրկին հորդորեց քաղաքացիներին՝ որքան հնարավոր է՝ քիչ շփվել հարազատների, բարեկամների հետ:
«Ես մոտ 1 ամիս չէի տեսել ծնողներիս, ի վերջո որոշեցի այցելել նրանց, բայց նույնիսկ մատով չեմ կպել։ Անգամ շատ ուզենալով՝ մորս չեմ գրկել, որպեսզի նրան վտանգի չենթարկեմ»,- իր օրինակը բերեց նախարարը։