ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադարձ կատարելով պետական օժանդակության ծրագրերին, նշեց, որ այս տարի մեծ է հետաքրքրությունը խելացի անասնաշենքեր կառուցելու և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրերի նկատմամբ։
«2020-ի հունվարի 1-ից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում ստացել են 53 դիմում-հայտ։ Ընդհանուր առմամբ 2019-ից սկսած ունենք 247 հայտ, որոնցից 7-ը փոխհատուցվել են, և ունենք 24 հավաստագիր ստացած դիմումատուներ, որոնք կնքել են արդեն պայմանագիր և կառուցում ու վերակառուցում են իրենց անասնաշենքերը»,- նշեց փոխնախարարն ու հույս հայտնեց, որ այս տարի ավելի ակտիվ կլինի, քան նախորդ տարի։
Տավարաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել շուրջ 380-400 խոշոր եղջերավոր անասուն, որի համար տրամադրվել է 466 միլիոն դրամ՝ նշեց Գաբրիելյանը։
Աշխուժությունը մեծ է նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրում։
«Այս տարի շահառուների քանակը եղել է 93, որոնցից դրական պատասխան է ստացել 65 դիմումատու»,- նշեց Գաբրիելյանը՝ հավելեով, որ բոլոր ծրագրերն ունեն ուսուցողական կոմպոնոնտ։
Ինտենիվ այգիների ծրագրին այս տարի արդեն իսկ դիմել է 15 շահառու՝ անցած տարվա 20-ի դիմաց՝ նշեց փոխնախարարը։
«Շատ է շահարկվում, որ մեր բոլոր ծրագրերը հիմնված են վարկերի, տոկոսադրույքների սուսիդավորման վրա, սակայն ուզում եմ նշել, որ և՛ խելացի անասնագոմերը, և՛ ջերմատների, և՛ ինտենսիվ այգիների ծրագրերը պարունակում են փոխհատուցման բաղադրիչ՝ 30-ից 50 տոկոսի չափով»,- նշեց Գաբրիելյանը։
Փոխնախարարը նշեց նաև, որ առաջիկայում ներկայացվելու է Հայաստանում սերմնաբուծության զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագիր, որը աշնանացան ցորենի սերմնաբուծություն ծրագիր է։
«Հիմնական նպատակը մեր ֆերմերներին բարձրարժեք սերմնանյութերով ապահովելն է»,- նշեց Գաբրիելյանը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ արտակարգ իրավիճակում պարարտանյութերի ներկրման խնդիրներ են առաջացել մարտի սկզբին, ներկրման ծավալները մի փոքր կրճատվել են, բայց և հույս հայտնեց, որ շուտով հնարավոր կլինի Վրաստանից պարարտանյութ ներկրել։
«Հիմա լայն թափով ներկրումներ են իրականացվում Իրանից և Ռուսաստանից։ Նշեմ, որ Իրանից ներկրվում է նաև Կարբամիտ ազոտական պարարտանութը։ Ուրախալի փաստ՝ նախկինում եթե մոտ մեկ տասնյակ ներկրողներ էին պարարտանյութ ներկրում, այսօր այդ ներկրողների քանակը բազմապատկվել է»,- նշեց Գաբրիելյանը։
Սպանդանոցներին անդրադառնալիս Գաբրիելյանը նշեց, որ հիմա մարզերում կառուցման փուլում է շուրջ 82 սպանդանոց։
Ցրտահարության ու կարկտահարության դեպքեր այս տարի եղան՝ նշեց փոխնախարարն ու հավելեց, որ գյուղապահովագրության ծրագիրն ունի շուրջ 700 շահառու։