«Այսօր մեծ հետաքրքրություն ու պահանջարկ կա գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի նկատմամբ։ Կենտրոնական բանկի տրամադրած օպերատիվ տվյալների համաձայն՝ արդեն 13․000-ից ավելի հայտադիմում կա։ Ընդհանուր ծավալը կազմում է մոտ 27․6 միլիարդ դրամ»,- տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ հաստատվել է 2943 հայտ՝ ընդհանուր 4․34 միլիարդ դրամային արժեքով։ Առաջին միջոցառման շրջանակում գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին տրամադրվել է արդեն 10 հայտ՝ 694 միլիոն դրամ արժեքով։ Նախարարի տեղակալը նշեց՝ 20 օրվա ընթացքում տրամադրվել է 4,7 միլիարդ դրամի վարկ։
«2020 թվականի հունվարից մինչև մարտի 31-ը տրամադրվել է 1638 վարկ՝ 6,8 միլիարդ դրամ ծավալով։ Ապրիլի 1-ից մինչև 20-ը տրամադրվել է երկու անգամ ավելի հայտ, քան այս տարվա առաջին եռամսյակում։ Դա նշանակում է, որ մեծ է հետաքրքրությունը»,- ասաց Խոջոյանը։
Նա նշեց, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով նախատեսվում է առաջիկա երկու ամսիներին առնվազն 30 դրամաշնորհով օժանդակություն տրամադրել շուրջ 30 վերամշակող կազմակերպությունների։ Այն կտրամադրվի արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պայմանների բարելավման համար։ ԸՆդհանուր միջոցառման գումարը կազմելու է շուրջ 550 միլիոն դրամ։ Արդեն մրցույթը հայտարարվել է, այժմ ամփոփման փուլում է։
«Կարծում եմ, որ մեկ ամսվա ընթացքում այդ դրամաշնորհը հասանելի կդառնա վերամշակողներին։ Այդ նույն ծրագրի շրջանակում 39 կոոպերատիվի տարվա ընթացքում կտրամադրվի շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա։ Նախորդող 10 օրվա ընթացքում արդեն մի խմբաքանակը տրամադրվել է։ Առաջիկա երկու ամիսներին ևս 41 միավոր գյուղտեխնիկա հասանելի կլինի 11 համայնքում։ Դրանք վերաբերում են միայն այն կոոպերատիվներին, որոնք ծրագրի մաս են կազմում»,- ասաց նախարարի տեղակալը։