Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց ձևաչափով կլոր սեղանի ժամանակ այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին։ Այժմ բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման փաստաթուղթն է։
«Բանաձևերը, որոնք ընդունվել են, հայտնի փաստաթղթեր են։ Դրանք ընդունվել են մարտական գործողությունների թեժ շրջանում և ենթադրում էին, նախևառաջ, ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և անցում բանակցություններին։ Դրանցում, այո, հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Սակայն դրանցում կոչ էր արվում դադարեցնել պատերազմը և անցնել բանակցությունների։ Այդ ժամանակից ի վեր բանակցություններ են ընթացել և բազմիցս։ Պայմանավորվածություններ են եղել 2001 թ. Քի Ուեսթի բանակցությունների շրջանակում, եղել են նաև տարբեր ձևաչափերով հետագա պայմանավորվածություններ՝ Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության։ Այժմ արդեն հաստատվել են Բաքու-Երևան բանակցությունների ձևաչափը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը»:
Լավրովը նշել է, որ դա օգտակար և լավ ձևաչափ է, որում մարմնավորվել է պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջը: