Գեղարքունիքի մարզպետ Գնոլ Սանոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ մասնավորապես նշելով.
«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ․
Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ՝ այս պահի դրությամբ ունենք 39-ի հաստատված դեպք՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն (https://www.gov.am/files/docs/4021.pdf) Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, և կիրառվելու են սահմանափակումներ։
Որոշման համաձայն՝ համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։
Սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը։
Հավելեմ նաև, մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի աշխատակցի մոտ, այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։
Այսօրվանից սահմանափակվում է նաև «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատանքները։ Գործում է միայն շտապօգնության ծառայությունը և հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում է իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյունք է գրանցվել։
Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը՝ մեկուսացված։
Ձեր և բոլորի անվտանգությունից ելնելով՝ կոչ եմ անում՝
• մնացե՛ք տանը,
• սահմանափակե՛ք շփումները,
• հետևե՛ք անձնական հիգիենային,
• հաճախակի լվացե՛ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
• հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
• շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
• խուճապի մի՛ մատնվեք և հետևեք ձեր բժշկի խորհուրդներին:
Իմ խնդրանք-հորդորն է ձեզ, այս օրերին հատկապես հետևել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիագրագետ՝ չտրվել ապատեղեկատվություն պարունակող կայքերի հրապարակումներին, զերծ մնալ չփաստարկված հայտարարություններ և բամբասանքներ տարածելուց։ Խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։
Կոչ եմ անում նաև չթիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրում դադարեցնել Վարդենիսում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ վերաբերյալ քննարկումները»։