Վերականգնման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ՝ Հայաստանում Գործարարության աջակցման գրասենյակը՝ Էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համագործակցությամբ, մեկնարկել է նորարարական նախաձեռնություն՝ տեղական ձեռնարկություններին առաջարկելով ճգնաժամի հաղթահարմանն առնչվող տարբեր առաջնահերթ թեմաներով 23 անվճար վեբինար:
Վեբինարները վարում են անվանի բիզնես խորհրդատուներ, որոնց խորհուրդները վերաբերում են հետևյալ թեմաներին՝ դրամական հոսքերի կառավարում, բիզնեսի ռազմավարություն, ֆորսմաժորային և պայմանագրային պարտավորություններ, ինչպես օգտագործել պետական վարկերն ուդրամաշնորհները, սնանկության ռիսկեր, թվայնացում, ճգնաժամի ընթացքում հետճգնաժամային պլանավորում և այլն։
Ապրիլի 1-17-ն ընկած ժամանակահատվածում անցկացված` օրական երկու սեմինարները վերաբերում էին այն անմիջական խնդիրներին, որոնց բախվեցին Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունները այս գլոբալ համաճարակի ընթացքում: Յուրաքանչյուր դասընթացին մասնակցում էր մինչև 200 ընկերություն՝ լսելու փորձագետների խորհուրդները: Վեբինարների ամբողջ տեսացանկը հասանելի է YouTube-ում այն բիզնեսների համար, որոնք չկարողացան մասնակցել, և այն ներառում է լրացուցիչ պրեզենտացիաներ և այլ պրակտիկ գործիքներ, որոնք ձեռնարկությունները կարող են օգտագործել հետագայում։
Նախաձեռնությունը մեկնարկել է Գործարարության աջակցման գրասենյակի և և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված՝ ձեռնարկությունների հետադարձ կապի հարցաթերթիկի հրապարակումից հետո, որի միջոցով ստացվել էր 1300 պատասխան և հայտնաբերվել 23 արդիական թեմա:
Զուգահեռաբար, գրասենյակը հայտարարել էր խորհրդատվական ընկերությունների և անհատ խորհրդատուների գրանցում նրանց համար, ովքեր պատրաստ էին տրամադրել կամավոր անվճար խորհրդատվություն կամ վեբինարներ անցկացնել դրա կարիքն ունեցող բիզնեսների համար, և արդեն ուներ ավելի քան 50 խորհրդատու, որոնք գրանցվել էին իրենց ծառայությունները տրամադրելու նպատակով։
Այս նախաձեռնության ավարտից հետո ԳԱԳ-ն՝ համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, նախատեսում է մեկնարկել երկրորդ փուլը, որը ներառում է անհատական խորհրդատվության ժամեր, որոնք հասանելի կլինեն Eventbrite տոմսերի տեսքով: Մենք ունենք ավելի քան 500 խորհրդատվական տոմս, որոնք կհրապարակվեն ՓՄՁ-ների համար հաջորդ շաբաթ:
«ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր՝ Հայաստանին աջակցելու հանձնառությանը: Մենք աշխատում ենք, որպեսզի օժանդակենք իշխանություններին և մեր հաճախորդներին տնտեսության ֆինանսական և իրական հատվածներում: Մենք անընդհատ նոր հնարավորություններ ենք ուսումնասիրում: ՎԶԵԲ-ը ներկայացրել է արտակարգ իրավիճակների համար «Սոլիդարության փաթեթը»․ այն ներառում է միջոցառումներ, որոնք կօգնեն ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանի ընկերություններին հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինաձեն:
«Այս ճգնաժամը բազմաթիվ մարտահրավերներ է նետում։ Սակայն այն կարող է նաև հնարավորություններ ընձեռել ճկուն ընկերությունների համար, որոնք առաջինը կհասկանան հետճգնաժամային նոր նորմա դարձած իրավիճակը և կսկսեն գործել՝ դրանից ելնելով։ Մենք փորձում ենք օժանդակել բիզնեսներին ճգնաժամի ազդեցությունը մեղմելու և նոր հնարավորությունները օգտագործելու գործընթացում։ Մենք ուրախ ենք, որ հայաստանյան բիզնես խորհրդատուները միացել են մեր նախաձեռնությանը»,- ասել է Հայաստանում Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:
«Մեզ համար ուրախալի է տեսնել, որ վեբինարներն այսքան հաջողված են, քանի որ թեմաները մշակվել են հարցումների ընթացքում 1300 ձեռնարկություններից ստացված արձագանքների մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա, որտեղ բիզնեսները ներկայացրել էին իրենց խնդիրներն ու կարիքները: Այս արդյունքները նաև օգնեցին մեզ մշակել օգնության փաթեթներ` նվազագույնի հասցնելու երկրի տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը: Մենք հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի խորհրդատուների համայնքը ցուցաբերել է առավելագույն պատրաստակամություն և արհեստավարժություն՝ տրամադրելով բազմաբովանդակ գիտելիք և անդրադառնալով վեբինարների ընթացքում բարձրացված յուրաքանչյուր հարցին: Այս հարթակը, որը ձևավորվել է Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ, պարունակում է երկարաժամկետ տվյալներ, որոնք հիմք կհանդիսանան Հայաստանում գործարար համայնքին աջակցելու համար», - ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:
Հիմնադրվելով 2007 թ.-ին՝ գրասենյակը ՎԶԵԲ- ի ֆինանսավորմամբ, կանոնակարգում է ՀՀ կառավարության և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո գործող պետական- մասնավոր երկխոսության հարթակը:
ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ներդրող է, և ներդրումների հետ մեկտեղ աջակցում է բարեփոխումներին, որոնք նպաստում են գործարար միջավայրի բարելավմանը և այլ աղբյուրներից ներդրումների մոբիլիզացմանը: Մինչ օրս Բանկը Հայաստանի տնտեսության մեջ ներդրել է մինչև 1,4 միլիարդ եվրո՝ ընդհանուր առմամբ 183 ծրագրում։