Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Ֆուտբոլ» հեռուստաընկերության հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչով է տարբերվում իտալական ֆուտբոլը եվրոպական այն ազգային առաջնություններից, որոնցում հայ կիսապաշտպանը նույնպես ելույթ է ունեցել։
«Կարծում եմ՝ այստեղ մարդիկ շատ ավելի կենտրոնացած են տակտիկայի վրա, ուժային ֆուտբոլը գերակշռում է, ոչ այնքան, որքան Անգլիայում, սակայն առանձնանում է։ Այստեղ շատ հաճելի է ֆուտբոլ խաղալ, քանի որ մարդիկ էլ են հասկանում ֆուտբոլը, ֆուտբոլիստներն էլ։ Այստեղ շատ հետաքրքիր է խաղալ ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի։ Հենց սրա համար ես մեծ հաճույք եմ ստանում»,- ասել է Մխիթարյանը։
Մխիթարյանն նաև անդրադարձել է «Շախտյորում» իր գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի հայտարարությանը։
Լուչեսկուն իտալական մամուլի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն աշխատել է մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստների հետ, սակայն իր ամենասիրելի ֆուտբոլիստը, որի հետ աշխատել է, Հենրիխ Մխիթարյանն է։
«Ես շատ շնորհակալ եմ նրան։ Կարող եմ ասել, որ հենց Միրչա Լուչեսկուի համար եմ տեղափոխվել «Շախտյոր», նրա շնորհիվ է, որ ելույթ եմ ունեցել Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում։ Ես շատ բան եմ սովորել նրանից։ Ես ուղղակի շնորհակալ եմ նրան այն հնարավորության համար, որ ինձ տվել է»,- ասել է Մխիթարյանը։