Մոսկվան շահագրգռված է վրացական կողմի հետ գործակցության զարգացման գործում: Ռուս-վրացական հարաբերությունների հետագա զարգացման մասին իր դիրքորոշումն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կզարգացնի գործակցությունը Վրաստանի հետ՝ ի բարօրություն երկու երկրների ու ժողովուրդների:
«Մենք չենք եղել դիվանագիտական հարաբերությունների խզման նախաձեռնողը: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք պատրաստ ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, սակայն, քանի որ մենք չենք եղել դրանց խզման նախաձեռնողը, հավանաբար, պետք է սպասել, մինչև վրացի գործընկերները կմոտենան այս հարցին»:
Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը նաև պատրաստ է ուսումնասիրել Վրաստանում առևտրային ներկայացուցչություն բացելու վերաբերյալ հարցը, եթե նման առաջարկ լինի վրացական կողմից: Լավրովը հույս է հայտնել, որ մոտ ժամանակում կհաջողվի լուծել նաև Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցը: