Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարության վերաբերյալ հարցին:
«Այս երկու տարիների ընթացքում մենք եղել ենք առավել քան թափանցիկ և մեր դիրքորոշումներն ու մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Խոսքը գնացել է նաև այն մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսվում այս երկու տարիների ընթացքում։
«Լինենք շատ հստակ. նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թ., 2016 թ., և այդ մոտեցումներն ընդունելի չեն հայկական կողմերի համար: 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ: 2014 թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմերի համար ընդգծված առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը: Այն, ինչ վերաբերում է, ինչպես նշված է եղել մեկանաբանության մեջ՝ «տարածքներին», ամենից առաջ դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը։
Երկրորդ կարևորագույն տարրը, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի՝ ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային գերակա տարրն է այս բանակցային գործընթացում: Դա մենք բազմիցս կոչել ենք անվտանգություն և կարգավիճակ, և հիմա ավելի բաց կերպով եմ դա ասում, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է կարգավիճակի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների:
Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել և չեն լինելու: Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու այնպիսի մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Արցախի բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել ևս, որ այդ սպառնալիքը դեռևս մնում է ռեալ և էքզիստենցիալ: Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը խաղաղ բանակցային գործընթացում:
Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և ստատուսի տարրերի լիարժեք արտահայտություն: Սա եղել և մնացել է հայկական կողմի մոտեցումը: Այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին և սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ բանակցությունների ժամանակ մենք կարող ենք անել մի բան և որևէ այլ բան խոսել հասարակության հետ՝ խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, քանի որ Հայաստանի որևէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել»,- ասաց Մնացականյանը:
ԱԳ նախարարը նաև հավելեց, որ Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատ մրցակցային, ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Այս երկու տարիների ընթացքում հայաստանյան կողմը մշտապես աշխատել է, խորհրդակցել է արցախյան կողմի հետ։
«Մենք աշխատել ենք միասին, և նույնը շարունակվելու է նոր իշխանության հետ։ Որևէ որոշում, որը վերաբերում է Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի»,- նշեց նախարարը։
Մնացականյանը հավելեց, որ սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե հնարավոր է բանակցությունների սեղանի շուրջ մեկ այլ բան քննարկել, բայց այլ բան ներկայացնել։
Հիշեցնենք՝ այսօր Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարների հանդիպմանը ներկայացված առաջարկությունները, որոնք ենթադրում են փուլային կարգավորում: