Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը նախատեսել է քաղաքական ուժերի հետ խորհրդատվություններ անցկացնել:
«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Կարևորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել համատեղ կազմակերպված աշխատանքի համար և նրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները: Համաձայնեցման արդյունքում ձևավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին՝
Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն.
Արցախի անվտանգություն և պաշտպանություն.
Մայր Հայրենիքի հետ ավելի սերտ և փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացում բոլոր ոլորտներում.
Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում.
Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում.
Արցախի ներքին կայունություն և միասնություն:
Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները»,- տեղեկացրել է նա: