UWC Դիլիջանի աշխատակիցները և ուսուցիչները Դիլիջանի hամայնքային կենտրոնի և Տավուշի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակում անցկացնում են մասնագիտական զարգացման անվճար դասընթացներ` Տավուշի մարզի ուսուցիչների համար: Ապրիլի 3-ին մեկնարկած վեբինարների շարքի մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել նոր հմտություններ, մասնավորապես ծանոթանալ տարբեր գործիքների հետ, որոնց կիրառումն ավելի արդյունավետ է դարձնում առցանց ուսուցումը դպրոցում:
Դասընթացներին մասնակցելու համար գրանցվել են Տավուշի մարզի գրեթե 300 ուսուցիչ: UWC Դիլիջանի մասնագետները առաջին 100 մասնակիցներին ներկայացրեցին հեռավար ուսուցում կազմակերպելու իրենց փորձը, ծանոթացրեցին Zoom և Google (Gmail, Google classroom, Google Drive, Google Calendar) ծրագրերին, առցանց գրադարաններին և նշված գործիքներն առցանց ուսուցման ծրագրում ինտեգրելու հնարավորություններին: Բոլոր դասընթացների ձայնագրությունները հասանելի են այստեղ:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել դասընթացների երկրորդ փուլը, որի թեմաները ընտրվել են Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից մասնակիցների շրջանում իրականացված հարցման արդյունքում:
«Մենք համոզված ենք, որ այժմ մեր բոլորի ուժերը միավորելու և միմյանց օգնելու ժամանակն է: Դասընթացների միջոցով մենք հնարավորություն ստացանք մեր փորձը փոխանցել համայնքի մանկավարժներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակում մեր ներդրումն ունենալ հեռավար ուսուցման զարգացման գործում»,- նշում է UWC Դիլիջանի դպրոցի տնօրեն Գաբրիել Աբադը:
«UWC Դիլիջանի ուսուցիչների և անձնակազմի կողմից անցկացվող դասընթացները հրաշալի հիմք են արդյունավետ եռակողմ համագործակցության համար: Մենք համոզված ենք, որ այն կշարունակվի նաև համաճարակից հետո և կխթանի համայնքային տարբեր խնդիրների լուծմանը»,-ասում է Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը:
«Այդ դասընթացի շնորհիվ ինձ հաջողվում է պատվով իրականացնել, կազմակերպել ուսանելի ու բովանդակալից հեռավար դասապրոցես, ինչի արդյունքում վստահաբար կարող եմ փաստել՝ շահում են և՛ աշակերտներս, և՛ իհարկե՝ ես։ Եվս մեկ անգամ խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրինակելի նախաձեռնության կազմակերպիչներին և իրականացնողներին։ Սիրով կսպասեմ հնարավոր հետագա հանդիպմանը»,- ասում է Դեղձավանի հիմնական դպրոցի դասվար Մայրանուշ Մկրտումյանը:
«Շատ շնորհակալ եմ դասընթացը կազմակերպելու համար։ Այն շատ հետաքրքիր, ուսուցանող և հագեցած էր»,- ասում է Լիլիթ Փաշիկյանը: