Երեկ Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության նիստ է հրավիրել, որի արդյունքում ամփոփել են անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տիպի կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը և նախանշել անելիքները,- տեղեկացրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ևս մասնակցել է խորհրդարանական խմբակցության նիստին:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր հրավիրել եմ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նիստ, որի ընթացքում ամփոփել ենք մեր երկրում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տիպի կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը և նախանշել մեր անելիքները: Իմ խոսքում մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ բոլոր ջանքները պետք է ուղղված լինեն մեր երկրի ներքին կայունության և միասնության ապահովմանը, խաղաղ զարգացմանը՝ համագործակցության հրավիրելով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ևս:
Թիմակիցներիս տեղեկացրել եմ նաև, որ արդեն վաղվանից կսկսեմ քաղաքական խորհրդատվությունների շարքը, և այս փուլում շատ կարևոր էր նրանց աջակցությունն ու համաձայնությունը ստանալը:
Հանդիպումն, ինչպես միշտ, անցել է կառուցողական մթնոլորտում, և հանրության լայն շրջանակն արդեն վաղվանից տեղյակ կլինի մեր որդեգրած քաղաքական օրակարգի շուրջ ծավալվող բանակցությունների և, իհարկե, դրանց արդյունքների մասին:
Հավաստիացնում եմ, որ անելու ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք ճիշտ իրացնել մեր ժողովրդի տված վստահության մեծ կապիտալը, որը պետք է ծառայի միայն ի շահ և ի բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու»: