Կառավարության մամուլի կենտրոնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց, թե կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում ինչպես են իրականացվելու Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով քաղաքացիների առողջության անվտանգության հարցը՝ նախատեսվել է, որ միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ից: Կլինեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո պետք է մարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը: «Մենք կոչ ենք անելու նաև մեր քաղաքացիներին մարել իրենց բնակարանների լույսերը և սևեռել հայացքները դեպի հուշահամալիր կամ դիտել Հանրայինի ուղիղ եթերը և բջջային հեռախոսների լույսերը վառելով՝ պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջը»,- ասաց Աղաջանյանը: Նա նշեց, որ ոգեկոչման րոպեն տեղի կունենա Ծիծեռնակաբերդից՝ Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի «Արի, իմ սոխակ» երգի կատարման ներքո:
Աղաջանյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին՝ առավոտյան 08:00-ից, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից և 0037433191500 հեռախոսահամարին՝ արտասահմանից՝ իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրությունն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:
Ապրիլի 24-ին՝ ժամը 10:00-ից, կմեկնարկեն ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի, կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ: Խոնարհումի արարողությունը ուղեկցվելու է դաշնակահար Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:
Հարգանքի տուրքի գեղարվեստական ծրագիրը կմեկնարկի նույն օրը՝ ժամը 22:00-ին, պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագրում կլինեն դասական և ժողովրդական ստեղծագործություններ: Այն կտևի մինչև լուսաբաց:
«Որոշում է կայացվել, որ ապրիլի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու, և այդ որոշումը նաև պարետատան կողմից համապատասխան ակտով կհաստատվի: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ այսօրվանից փաստացի մուտքը դեպի հուշահամալիր փակ է լինելու՝ անվտանգային և կազմակերպչական նկատառումներից ելնելով»,- ասաց Աղաջանյանը: